Ցանկալի, բայց այդպես էլ չկայացած հանդիպումները երբեմն ավելի քան ափսոսանքով եմ հիշում. մանավանդ որ ոչ իմ կամոք. ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻՔԵԱՆԻՆ այդպես էլ չհանդիպեցի, և ավաղ։ Քսան տարվա տարբերությամբ երկու անհաջող հեռախոսազանգ-փորձ։ Առաջինը՝ Մոսկվայից. ինքը դասավանդում էր Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում, ես, գրողների միության երաշխավորությամբ, փորձում էի ընդունվել: Դպրոցը նոր էի ավարտել, Մոսկվա հասնելուն պես զանգահարեցի, ափսոսանք հայտնեց, որ վատառողջ է, չհանդիպեցինք։ Երկրորդ անգամ (2000 թ.) Բեյրութից զանգահարեցի, ինքը տարիներ առաջ Մոսկվայից տեղափոխվել էր Լիբանան (Բիքվայա), նորից անհաջողություն, դարձյալ վատառողջ էր, բայց ինձ հիշեց, բավականին տեղեկացված էր. «Կը կարդամ հրապարակումներդ, քեզ մատաղ, խանդավառ եմ քեզմով, կը ոգևորես զիս, շատ ալ եռանդուն ես»։ Հուզվեցի Աբրահամ Ալիքեանի խոսքերից, ու կարծես թե հաշտվեցի այն մտքի «հուշումին», որ իրեն այդպես էլ չպետք է հանդիպեմ, իսկ տարիներ անց լսեցի իրապես հարազատ մարդու, մտավորականի մահվան լուրը։
Ալեքսանդրեթում ծնված՝ հայրենադարձության առաջին քարավանների հետ Հայրենիք էր ներգաղթել շատերի պես այն հույսով, որ ստեղծագործելու համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, ինքնադրսևորվելու հնարավորություններ, բայց իրականում պայմանները ոչ այնքան խաբուսիկ էին, որքան աննպաստ, ավելին, արդեն իսկ համալսարանում ուսանելու տարիներին նրանք՝ նորագաղթ երիտասարդները, անվտանգության մարմինների չափազանց աչառու հսկողության տակ էին՝ իբրև օտարերկրյա «դեսպանորդներ», խնդրահարույց էր «հավաքագրելու» գործընթացը։ Եվ ճիշտ որ, ինչպես Ա. Ալիքեանն է գրում իր «Հեգ իրիկուն» (2008) ժողովածուի նախաբանում. «Հայրենադարձութեան առաջին երկու ուսումնական տարիներս, երբ գրեթէ ամէն յետմիջօրէին, միասին համալսարան բարձրանալու համար Պուշկինի այգիին մէջ, Օպերային դիմացը, կը սպասէի յետագային պետանվտանգութեան գործակալներու սադրանքներուն զոհ մտերիմիս՝ բանաստեղծ Անդրանիկ Թերզեանին, որ հանրակառքով կու գար Նորքի Արեշէն... հիմա ալ կարծես իմ վաղամեռիկ բարեկամիս սպասման մէջ եմ...»:
Ակնհայտ է, որ պետանվտանգության մարմինների հետ «չհամագործակցելու» համաձայնությունն էր պատճառը Անդրանիկ Թերզեանի մահվան՝ իրականում «դժբախտ պատահարի»՝ վրաերթի։ Նույն ճակատագրին արժանացավ նաև երիտասարդ գեղանկարիչ Պետրոս Կոնդուրաջեանը, որը անզգուշորեն «նետվել» էր Երևան հյուրանոցի իր սենյակի պատուհանից։ Այս ամենը վատ նախանշաններ են թվացել Աբրահամ Ալիքեանի համար և ներգաղթելու նրա փափագին, տարիներ անց հաջորդում է Հայրենիքից արտագաղթելու, գրականության ինստիտուտում ուսանելու և այնուհետև դասավանդելու ոչ այնքան սիրահոժար, ինքնահնար փափագը:
Տասնամյակներ անընդմեջ ապրելով Մոսկվայում, հայաստանյան, հատկապես գրական միջավայրերում ոչ այնքան սիրալիր ընդունելության արժանացած բանաստեղծը, թարգմանիչը, այնուամենայնիվ, հրապարակում է բազմաթիվ ժողովածուներ, թարգմանական երկեր (արձակ, բանաստեղծություններ ֆրանսիական, անգլիական դասական և ժամանակակից գրողներից) ի վերջո, վերստին արտագաղթում է Լիբանան՝ վերջին տարիները ապրելով մեկուսի։
Աբրահամ Ալիքեանի մասին հաճախ զրուցում էի լուսահոգի բարեկամիս՝ Մանուէլ Քէօսեանի հետ, որ ինչպես ինքն էր ասում. «Բարեպատեհութիւնն ունեցած եմ Աբրահամին հետ մտերիմ ըլլալու, տակաւին 1968-ին Բեյրութ հրատարակած եմ իր «Բարեհուսոյ հրուանդան» հատորը, նամակներ ալ փոխանակած ենք, ինք այն ատեն Մոսկվա կապրեր»։ Ակամա հիշում եմ Ջեյմս Ջոյսի «Արվեստագետի դիմանկարը» պատանության հասակում վեպի հերոսին՝ երիտասարդ բանաստեղծին, որն իրեն անօգտակար, միայնակ, օտարացված ու հոգևին լքված զգալով հայրենի Դուբլինում՝ տարագրվում է Եվրոպա, ապրում վտարանդության մեջ… Բանաստեղծի բացառիկ զգացողություն, այդպես ապրեց նաև Աբրահամ Ալիքեանը՝ իր ինքնությունը ի գին ամեն բանի չկորցնելով, ժառանգված Մշո դաշտեցի Խազգեղցի մոր պատումը՝ սիրել բառերը «տարօրինակ սիրով մը»:
Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ